
Արմինֆո. Հունիսի 9-ին Ֆրանկֆուրտում Հայաստանի բանկերի միության նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Հայկական բանկային օրեր Գերմանիայում» խորագրով պաշտոնական ընդունելություն՝ նվիրված Հայաստանի և Եվրոպայի ֆինանսական հատվածների միջև համագործակցության ամրապնդմանը:
Ընդունելության նպատակն էր համախմբել գործընկերներին՝ վերահաստատելու ապագայի վերաբերյալ ընդհանուր տեսլականը և անդրադառնալու տարիների ընթացքում կատարված աշխատանքին:
Միջոցառմանը մասնակցել են գերմանական առևտրային բանկերի, Շտուտգարտի ֆոնդային բորսայի, Ֆրանկֆուրտի արդյունաբերական և առևտրային պալատի, Գերմանիայի ակտիվների կառավարման ընկերությունների և եվրոպական այլ ֆինանսական կառույցների ղեկավար ներկայացուցիչներ, ինչպես նաև Գերմանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանը, ՀՀ կենտրոնական բանկի նախագահը, Հայաստանում գործող առևտրային բանկերի գործադիր տնօրեններն ու այլ պաշտոնյաներ: Հայաստանի բանկերից մասնակցել են IDBank, Converse Bank,
Evocabank, AraratBank, Acba Bank, Armeconombank, Unibank, Inecobank, Byblos Bank Armenia և ArmSwissBank:
Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանն իր երախտագիտությունն է հայտնել վերջին երկու տասնամյակների ընթացքում Գերմանիայի կառավարության և ԵՄ-ի կողմից KfW-ի ու Եվրոպական ներդրումային բանկի միջոցով Հայաստանի տնտեսությանը ցուցաբերված շարունակական աջակցության համար: Այս աջակցությունը նպաստել է Հայաստանի տնտեսական զարգացմանը, ֆինանսական մշակույթի և ինստիտուցիոնալ չափանիշների ամրապնդմանը: Պարոն Ազատյանը նաև նշել է, որ այս նախաձեռնությունը հարթակ է հանդիսանում Հայաստանի և Եվրոպայի ֆինանսական հատվածների միջև երկխոսության ու երկարատև համագործակցության ընդլայնման համար:
Ընդունելության ընթացքում մասնակիցները բարձր են գնահատել նման ձևաչափով հանդիպումների կազմակերպումը և ընդգծել դրանց շարունակականության ապահովման կարևորությունը՝ հայկական և եվրոպական ֆինանսական համակարգերի ինտեգրման օրակարգի շրջանակներում: