Երեքշաբթի, 23 Հունիսի 2026 18:25
Ալինե Գրիգորյան

Տնտեսագետը ՝ հեռահաղորդակցային տարանցման համաձայնագրի մասին․ Ադրբեջանը  հասանելիություն է ստանալու 100 Գբիթ/վրկ թողունակությամբ կապուղուն

Տնտեսագետը ՝ հեռահաղորդակցային տարանցման համաձայնագրի մասին․ Ադրբեջանը  հասանելիություն է ստանալու 100 Գբիթ/վրկ թողունակությամբ կապուղուն

Արմինֆո. "Տելեկոմ Արմենիա" ԲԲԸ-ի և "Ազերտելեկոմ" ԲԲԸ-ի միջև ինտերնետ-տրաֆիկի տարանցման շուրջ համաձայնագրի շրջանակներում ադրբեջանական կողմը հասանելիություն է ստանալու 100 Գբիթ/վրկ թողունակությամբ կապուղուն: Այդ մասին հաղորդել են "Տելեկոմ Արմենիա"-ի աշխատակիցներն՝ ի պատասխան "Միասնության թևեր" կուսակցության անդամ, ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանի Facebook-յան էջում հրապարակված հարցերի:

 

Ինչպես հիշեցրել է քաղաքական գործիչը, նախորդ գրառման մեջ, անդրադառնալով «Տելեկոմ Արմենիա»–«Ազերտելեկոմ» ինտերնետային տարանցման համաձայնագրին, նա բարձրացրել էր մի շարք հարցեր՝ կապված թողունակության, սահմանային միացման կետերի, հայկական տրաֆիկի հնարավոր ուղղորդման, անվտանգային գնահատման և վերահսկողական մեխանիզմների հետ։

 

«Գրառումից հետո ինձ հետ կապ հաստատեցին «Տելեկոմ Արմենիա»-ի համապատասխան աշխատակիցները և ներկայացրին պարզաբանումներ, որոնք կարևոր եմ համարում հրապարակային արձանագրել։

 

Թողունակության մասին

 

Ընկերության փոխանցմամբ՝ ադրբեջանական կողմը հասանելիություն է ստանալու 100 Գբիթ/վրկ թողունակությամբ կապուղուն։ Սա արդեն որոշակիացնում է խոսքը՝ այն տեղափոխելով ընդհանուր ձևակերպումներից դեպի ավելի կոնկրետ տեխնիկական պարամետրերի դաշտ։

 

Պետական մարմինների հետ համաձայնեցումների մասին

 

«Տելեկոմ Արմենիա»-ի փոխանցմամբ՝ ընկերությունն իր գործունեությունն իրականացնում է ՀՀ օրենսդրության և ոլորտը կարգավորող պահանջների շրջանակում՝ համագործակցելով համապատասխան բոլոր կառույցների հետ և ապահովելով ընթացիկ բոլոր համաձայնեցումները։

 

Այս պատասխանը կարևոր է, սակայն կարծում եմ՝ պետական նշանակության կրիտիկական ենթակառուցվածքների դեպքում ցանկալի կլինի, որ անհրաժեշտության դեպքում նաև լիազոր պետական մարմինները հանրային մակարդակով ներկայացնեն իրենց դիրքորոշումն ու գնահատականը։

 

Տրաֆիկի և տվյալների անվտանգության մասին

 

Ընկերության պարզաբանմամբ՝ տրանզիտ ծառայություններ մատուցելու համար օպերատորների ցանցերը պետք է ունենան ֆիզիկական համակցում, որը կատարվում է սարքավորումների և մալուխային ենթակառուցվածքների մակարդակում։

Ծառայությունը տրամադրվում է կետից կետ / point-to-point սկզբունքով՝ DWDM տեխնոլոգիայի միջոցով։

 

Ըստ ընկերության՝ DWDM տեխնոլոգիան ինքնին հասանելիություն չի տալիս մյուս օպերատորի ցանցին կամ տվյալներին, և «Տելեկոմ Արմենիա»-ի ցանցի տվյալները որևէ կերպ հասանելի չեն դառնում ադրբեջանական օպերատորին։

 

Տվյալների հոսքերի պաշտպանությունը, ընկերության փոխանցմամբ, իրականացվում է առանձին կիբերանվտանգային մեխանիզմներով՝ միջազգային ստանդարտներին և ՀՀ օրենսդրությանը համապատասխան։

 

Հայկական տրաֆիկի՝ Ադրբեջանի տարածքով ուղղորդման հարցը

 

Առավել կարևոր պարզաբանումներից մեկն այն է, որ «Տելեկոմ Արմենիա»-ի փոխանցմամբ՝ այս պահին խոսքը հայկական կողմի համար պարզապես այլընտրանքային հնարավորության մասին է։

 

Ընկերությունը տեսականորեն կարող է օգտվել նաև ադրբեջանական ենթակառուցվածքից, սակայն ներկայումս նման օգտագործում նախատեսված չէ։

 

Այսինքն՝ հրապարակային ներկայացված պարզաբանման համաձայն՝ հայկական վերջնական սպառողների տրաֆիկի ուղղորդում Ադրբեջանի տարածքով այս պահին չի նախատեսվում։

 

Սահմանային միացման կետերի մասին

 

Ընկերության փոխանցմամբ՝ նախատեսվում է մեկական միացում դեպի Ադրբեջան և Նախիջևան։

 

Սա ևս կարևոր պարզաբանում է, քանի որ նախորդ հրապարակային հաղորդագրություններում սահմանային միացման կետերի կամ ուղղությունների վերաբերյալ մանրամասներ չկային։

 

Ընդհանուր գնահատական

 

Գնահատելի է, որ «Տելեկոմ Արմենիա»-ն արձագանքել է հանրային հնչեցված հարցերին և փորձել է ներկայացնել տեխնիկական ու անվտանգային պարզաբանումներ։

Սա հենց այն մոտեցումն է, որի մասին խոսք էր գնում նախորդ գրառման մեջ, մասնավորապես, կրիտիկական ենթակառուցվածքների հարցում անհրաժեշտ է ոչ թե էմոցիոնալ աղմուկ, այլ՝ պարզաբանում, վերահսկելիություն, տեխնիկական անվտանգություն և հանրային հաշվետվողականություն», - գրել է Դավիթ Անանյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում։

 

Հիշեցնենք, որ հունիսի 22-ին «Տելեկոմ Արմենիա» (Team Telecom Armenia) և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են երկկողմ համաձայնագիր, որը նախատեսում է տարանցիկ ինտերնետի փոխանցում և մատակարարում երկու երկրների տարածքներով՝ կոմերցիոն հիմունքներով։ Համաձայնագրի շրջանակներում «Տելեկոմ Արմենիան», հանդիսանալով տարածաշրջանի առաջատար տարանցիկ օպերատոր, ընդլայնում է միջազգային ինտերնետ-թրաֆիկի մատակարարման երկրների քանակն ու աշխարհագրությունը՝ ապահովելով տարանցում սեփական ենթակառուցվածքով դեպի Ադրբեջան: