Երկուշաբթի, 29 Հունիսի 2026 16:51
Ալեքսանդր Ավանեսով

ԶՊՄԿ պայթեցման հարթակում արձանագրվել է պատմական ռեկորդ. 75 տարվա աշխատանք՝ առանց պատահարների

ԶՊՄԿ պայթեցման հարթակում արձանագրվել է պատմական ռեկորդ. 75 տարվա աշխատանք՝ առանց պատահարների

Արմինֆո. Աշխարհում կան մասնագիտություններ, որտեղ սխալվելու տեղ պարզապես չկա, և պայթեցման աշխատանքները հենց այդպիսի մասնագիտություն են: Այս մասին ասվում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ մամուլի ծառայության պատրաստած տեսանյութում:

Նյութում նշվում է, որ ԶՊՄԿ աշխատակիցների պրոֆեսիոնալիզմի և երկաթյա կարգապահության համադրությունը ամենավտանգավոր տեղամասը վերածել է ամենաանվտանգի։ «Մի քանի սերունդ, միլիոնավոր տոննա հանքաքար և 0 սխալ. ընկերության բացարձակ ու պատմական ռեկորդն արձանագրվել է կոմբինատի պայթեցման հարթակում՝ 75 տարվա աշխատանք՝ առանց պատահարների: Սա մարդկային պատասխանատվության և պրոֆեսիոնալ կատարելության ամենավառ օրինակն է։

Պլանավորումից մինչև վերջնական պայթյուն. տեսանյութում ներկայացված է հանքավայրի ամենատպավորիչ և պատասխանատու գործընթացը: Սակայն մինչ բուն պայթյունը, հաշվարկներն արվում են լռության մեջ՝ համակարգչային գրաֆիկայի և պայթյունի վայրի որոշման միջոցով: Ժամանակակից տեխնոլոգիաներն ու համակարգչային լուծումները թույլ են տալիս սանտիմետրի ճշգրտությամբ որոշել պայթյունի վայրը:

Լեռնատեխնիկական աշխատանքների ծառայության պետի տեղակալ Անուշավան Առաքելյանի խոսքով՝ մինչ պայթեցման աշխատանքների իրականացումը կատարվում է մոդելավորում և սիմուլյացիա: Սիմուլյացիայի շրջանակներում, եթե ենթադրյալ պայթյունի արդյունքում պատշաճ էֆեկտ չի լինում, կատարվում են ճշգրտումներ՝ առավելագույն էֆեկտ ստանալու համար: Բայց երբ պայթյունի անձնագիրը պատրաստ է լինում, սկսվում է աշխատանքների հիմնական փուլը:

Նշենք, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն (ԶՊՄԿ) Հայաստանի խոշորագույն հանքարդյունաբերական ընկերությունն է: Կոմբինատը շահագործում է Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրը: Վերջերս կոմբինատը միացել է ՄԱԿ-ի Գլոբալ պայմանագրին (UNGC)՝ կորպորատիվ կայունության ոլորտում աշխարհի խոշորագույն նախաձեռնությանը, որը միավորում է հազարավոր ընկերությունների, որոնք հավատարիմ են պատասխանատու բիզնես վարելուն և կայուն զարգացմանը: