
Արմինֆո. Բուլղարիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Ծովինար Համբարձումյանը Սոֆիայում մասնակցել է Ամերիկյան առևտրի պալատների 3-րդ Տարածաշրջանային տնտեսական գագաթնաժողովին (ARES):
Բուլղարիայում Հայաստանի դեսպանատան հաղորդագրության համաձայն, գագաթնաժողովը պաշտոնապես բացել են Բուլղարիայի Ամերիկյան առևտրի պալատի գլխավոր գործադիր տնօրեն Իվան Միխայլովը, Բուլղարիայի ատաքին գործերի նախարար Վելիսլավա Պետրովան և Բուլղարիայի էներգետիկայի նախարար Իվա Պետրովան։ Իրենց ողջույնի խոսքում նախարարներն ընդգծել են տարածաշրջանային համագործակցության, տնտեսական կապակցվածության, էներգետիկ անվտանգության, ինչպես նաև կառավարությունների և մասնավոր հատվածի միջև գործընկերության ամրապնդման կարևորությունը՝ որպես տարածաշրջանում կայուն աճի և բարեկեցության հիմնական շարժիչ։
ARES-ը Բուլղարիայի, Հունաստանի և Թուրքիայի Ամերիկյան առևտրի պալատների համատեղ նախաձեռնությունն է, որը համախմբում է կառավարությունների, դիվանագիտական կորպուսի, միջազգային կազմակերպությունների, գործարար միավորումների և մասնավոր հատվածի ներկայացուցիչներին Հարավարևելյան Եվրոպայից, Կենտրոնական Ասիայից և Մերձավոր Արևելքի ու Հյուսիսային Աֆրիկայի (MENA) տարածաշրջանից։
Գագաթնաժողովի առաջին երկու հանդիպումները կայացել են 2024 թվականին Ստամբուլում և 2025 թվականին Աթենքում, իսկ այս տարվա Սոֆիայի հանդիպումը համախմբել էր ավելի քան 313 մասնակից 16 երկրից և ապահովել շուրջ 300 գործարար հանդիպումներ (B2B)։
Գագաթնաժողովին մասնակցել են պատվիրակություններ լայն աշխարհագրական ընդգրկմամբ «սուպերտարածաշրջանից», այդ թվում՝ Հայաստանից, Վրաստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից և Ուզբեկստանից, Կիպրոսից, Մոլդովայից, Հյուսիսային Մակեդոնիայից, Ռումինիայից և Սերբիայից։ Ներկայացված էին նաև Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի (MENA) տարածաշրջանի երկրները՝ Հորդանանը, Եգիպտոսը, Արաբական Միացյալ Էմիրությունները և Կատարը։
Գագաթնաժողովի քննարկումները կենտրոնացած էին էներգետիկ անվտանգության, ենթակառուցվածքների, ֆինանսավորման և ներդրումների, թվային փոխակերպման, արտադրության, նորարարության, մատակարարման շղթաների և տարածաշրջանային կապակցվածության թեմաների շուրջ։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել սահմանային գործընկերությունների ամրապնդմանը և ավելի լայն տարածաշրջանում կայուն տնտեսական զարգացման խթանմանը։
Էլինա Մարկարյանը՝ Հայաստանում Ամերիկյան առևտրի պալատի (AmCham Armenia) նախագահը, «Տարածաշրջանային ենթակառուցվածքներ և շինարարություն» խորագրով չորրորդ լիագումար նիստում ներկայացրել է Հայաստանի հանձնառություններն ու հնարավորությունները։
Նրան հաջորդած վեցերորդ լիագումար նիստում Ամերիկյան առևտրի պալատի գործադիր տնօրեն Աննա Ներսիսյանցը ներկայացրել է Հայաստանի ֆինանսական և ներդրումային ոլորտների զարգացման խթանող գործոններն ու առկա մարտահրավերները։ Հայկական կողմի ներկայացումները եզրափակել է «Էնթերփրայզ Արմենիա»-ի Ներդրողների աջակցության և հետներդրումային սպասարկման վարչության պետ Խանում Գևորգյանը՝ ներկայացնելով Հայաստանի ներդրումային հնարավորությունները և ներդրողների համար նախատեսված խրախուսման գործող մեխանիզմները։
Գագաթնաժողովի շրջանակում դեսպան Համբարձումյանը հանդիպումներ և մտքերի փոխանակումներ է ունեցել գործարար համայնքի, դիվանագիտական առաքելությունների և մասնակից պետությունների և կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ ներկայացնելով Հայաստանի բարենպաստ ներդրումային միջավայրը, ընթացիկ տնտեսական բարեփոխումները և երկրի աճող դերը՝ որպես Եվրոպան, Մերձավոր Արևելքը և Եվրասիան կապող կամուրջ։
Դեսպանությունը ջերմորեն շնորհավորում է Հայաստանում Ամերիկյան առևտրի պալատին (AmCham Armenia)՝ 2027 թվականին Երևանում կայանալիք Ամերիկյան առևտրի պալատների 4-րդ Տարածաշրջանային տնտեսական գագաթնաժողովը հյուրընկալելու պատվին արժանանալու կապակցությամբ և մաղթում հաջողություն այս կարևոր տարածաշրջանային միջոցառման նախապատրաստական աշխատանքներում։