Երկուշաբթի, 10 Օգոստոսի 2026 17:06
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն․ ԱԲ կենտրոնի բացումը հայ-ամերիկյան աճող գործընկերության ակնառու օրինակ է

Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն․ ԱԲ կենտրոնի բացումը հայ-ամերիկյան աճող գործընկերության ակնառու օրինակ է

Արմինֆո. Firebird ընկերության ԱԲ գործարանի բացումը նշանավորում է արհեստական բանականության զարգացման նոր ու նշանակալի փուլի սկիզբ Հայաստանում։ Այդ մասին ասվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակված հաղորդագրությունում։

Աղբյուրը հիշեցնում է, որ ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը վարչապետ Փաշինյանի և Firebird ընկերության ղեկավարության հետ միասին Հրազդանում ներկա է գտնվել Հայաստանի առաջատար հիպերմասշտաբային ԱԲ կենտրոնի բացմանը։

«4 միլիարդ ԱՄՆ դոլարի այս ներդրումը նշանակում է առաջադեմ ամերիկյան տեխնոլոգիաների ու ԱԲ ենթակառուցվածքների մուտք Հայաստան, որը թույլ կտա երկրին դիրքավորվել որպես տվյալների կենտրոնների, ամպային հաշվարկների և ԱԲ նորարարության տարածաշրջանային կենտրոն։

ԱԲ կենտրոնի բացումը հայ-ամերիկյան աճող գործընկերության ակնառու օրինակ է և գործնական քայլ ի շարունակումն օգոստոսի 8-ի Վաշինգտոնի Խաղաղության գագաթնաժողովի պայմանավորվածությունների և այնտեղ ստորագրված ԱՄՆ-Հայաստան երեք կարևորագույն փոխըմբռնման հուշագրերի, որոնցից մեկը վերաբերում էր ԱԲ-ի և կիսահաղորդիչների ոլորտում նորարարական գործընկերությանը», - ասվում է հաղորդագրությունում։

Ինչպես նկատել է հավատարմատար Ալենը, երբ մեկտեղվում են ամերիկյան և հայկական տաղանդն ու նորարարությունը, բացվում են տնտեսական աճի, տեխնոլոգիական փոխակերպումների ու առավել մեծ բարեկեցության նոր հեռանկարներ։ 

Հիշեցնենք, որ տվյալ գործարանն իրենից ներկայացնում է արհեստական բանականության առաջադեմ հաշվողական ենթակառուցվածք, որը նախատեսված է ԱԲ մոդելների ուսուցման և գործարկման, ինչպես նաև մասշտաբային և բարդ հաշվողական առաջադրանքների կատարման համար: 

Հրազդանի մոտ 200 հազար քմ մակերեսով ԱԲ գործարանի առաջին փուլը նախատեսվում է վերազինել մոտ 18 ՄՎտ հզորությամբ ավելի քան 6000 GPU NVIDIA Blackwell: Մեգանախագծի առաջին փուլում ներդրումների ծավալը կազմում է 500 մլն դոլար: Նախագծի հետագա փուլերում նախատեսվում է զգալիորեն ընդլայնել ենթակառուցվածքի հաշվողական հզորությունները՝ դրա GPU նոր սերնդի NVIDIA Vera Rubin  համալրելու հաշվին՝ դրանով իսկ ձեւավորելով զարգացող շուկաներում ԱԲ առաջավոր հաշվողական հզորությունների խոշորագույն կլաստերներից մեկը: 

Երկրորդ փուլում ներդրումների ընդհանուր ծավալը կհասնի ավելի քան 4 մլրդ դոլարի, իսկ ենթակառուցվածքը կհամալրվի նոր սերնդի NVIDIA Vera Rubin մոտ 50 000 GPU -ով՝ ձևավորելով աշխարհի զարգացող շուկաներում ամենաառաջադեմ ԱԲ պրոցեսորների խոշորագույն կլաստերը: 

Նախագծի առաջին փուլում նախատեսվում է ստեղծել շուրջ 100 մշտական աշխատատեղ, իսկ երկրորդ փուլում նախատեսվում է աշխատակիցների թիվը հասցնել մինչեւ 300: