
Արմինֆո. Հայաստանում կստեղծվի զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց տվյալների միասնական շտեմարան։ Այդ մասին որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության օգոստոսի 13-ի նիստում։
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ դրա ընդունումը պայմանավորված է զբոսաշրջության ոլորտում պետական կառավարման արդյունավետության բարձրացման, տվյալների ամբողջականության ապահովման և ոլորտի կարգավորման գործընթացների թվայնացման անհրաժեշտությամբ: ՀՀ կառավարության 2026 թվականի փետրվարի 12-ի որոշմամբ ներդրված զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց գործունեության ծանուցման համակարգի լիարժեք իրականացման համար անհրաժեշտ է հաստատել տվյալների միասնական շտեմարանի մասին դրույթները, որոնք կապահովեն ոլորտի վերաբերյալ տեղեկատվության կենտրոնացված հավաքագրումը, պահպանումը և մշակումը: Ներկայումս զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց վերաբերյալ տվյալները հավաքվում են տարբեր աղբյուրներից և չեն միավորվում մեկ տեղեկատվական հարթակում, ինչը դժվարացնում է պետական մարմինների կողմից ոլորտի նկատմամբ քաղաքականության մոնիտորինգը, վերլուծությունը և մշակումը: Ներկայիս իրավիճակը սահմանափակում է նաև պետական մարմինների միջև տվյալների փոխանակման արդյունավետությունը:
Սույն նախագծով առաջարկվում է ստեղծել զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց տվյալների միասնական շտեմարան, սահմանել դրա կառավարման, օգտագործման, հավաքագրման, պահպանման և տվյալների պաշտպանության կարգը, ապահովել տվյալների համատեղելիությունը պետական այլ տեղեկատվական համակարգերի հետ՝ "միասնական հարցման" սկզբունքի հիման վրա:
Տվյալների շտեմարանի ներդրումը կնպաստի պետական մարմինների միջև տեղեկատվության արդյունավետ փոխանակմանը, վարչական աշխատանքի պարզեցմանը և բյուրոկրատական գործընթացների կրճատմանը, զբոսաշրջության ոլորտում վիճակագրական և վերլուծական կարողությունների զարգացմանը, ոլորտում թափանցիկության և վերահսկողության բարձրացմանը: