
Արմինֆո. Վերջերս հայկական Prime Insurance Brokers ընկերությունը հայտարարեց ապահովագրության և վերաապահովագրության աշխարհի հնագույն և խոշորագույն շուկայի՝ լոնդոնյան Lloyd’s-ի համակարգին միանալու մասին։ Ընկերությունը ստացել է Lloyd’s-ի հավատարմագրումը և գրանցվել որպես բրոքեր՝ ուղղակի հասանելիություն ստանալով ապահովագրության և վերաապահովագրության համաշխարհային առաջատար շուկային։
Այս փաստը, անկասկած, աննախադեպ է Հայաստանի ֆինանսական շուկայի համար և Հայաստանի առջև դուռ է բացում դեպի բազմազան, ավանդույթներով խիստ կանոնակարգված և չափազանց բարդ համաշխարհային ապահովագրական շուկա։
Այս ձեռքբերման և ընկերության հետագա ծրագրերի մասին ԱրմԻնֆո-ի թղթակիցը զրուցել է Prime Insurance Brokers-ի գործադիր տնօրեն Սիրանուշ Յախշիբեկյանի հետ։
— Սիրանուշ, իսկապես զարմանալի է, որ ձեր՝ համեմատաբար փոքր ընկերությանը հաջողվել է ստանալ Lloyd’s-ի հավատարմագրումը։ Ինչպե՞ս կարողացաք հասնել դրան։
— Ինչպես անգլիական հայտնի արտահայտությունն է ասում՝ «Անհնարին ոչինչ չկա»։ Առավել ևս, որ մեր ընկերությունն ունի վերաապահովագրական բիզնեսում աշխատանքի 30 տարվա փորձ, և համաշխարհային շուկային միանալը դարձավ ընկերության հետագա զարգացման բնական և դինամիկ քայլ։
Կատարվել է նախապատրաստական մեծ աշխատանք, կարգավորվել են գործընթացները, ներդրվել են բիզնեսի վարման համապատասխան ընթացակարգեր։ Մինչ Lloyd’s-ի բրոքեր դառնալը մենք շատ ակտիվ աշխատում էինք որպես վերաապահովագրական բրոքեր։ Մեզ արդեն դիմում էին Հայաստանից դուրս գործող ապահովագրական և բրոքերային ընկերություններ՝ վերաապահովագրական ծառայություններ ստանալու նպատակով։ Մենք արտերկրից ստանում էինք ռիսկեր և դրանք վերաապահովագրում կրկին Հայաստանից դուրս՝ օգտագործելով մեր գործընկերային ցանցը։
Այսինքն՝ մենք արդեն ունեինք անհրաժեշտ փորձը, և այժմ, Lloyd’s-ի բրոքերի կարգավիճակով, մտադիր ենք առավել ակտիվ զարգացնել այս ուղղությունը։
Եվ այսպես, մենք հայտնվեցինք աշխարհում գործող Lloyd’s-ի շուրջ 410 բրոքերների շարքում։
— Բացի հեղինակության տեսանկյունից ակնհայտ մեծ առավելություններից, ի՞նչ է տալիս Հայաստանի շուկային երկրում Lloyd’s-ի կողմից հավատարմագրված ազգային ընկերության առկայությունը։
— Առաջին հերթին մեր հիմնական նպատակը հայկական ռիսկերի հետ աշխատելն է, թեև բիզնեսի արդյունավետության տեսանկյունից արտասահմանյան շուկաների հետ աշխատանքը հաճախ ավելի գրավիչ է։
Այսպես կոչված ֆակուլտատիվ ռիսկերի անդերրայթինգը, այսինքն՝ յուրաքանչյուր ռիսկի անհատական գնահատման գործընթացը, անդրսահմանային վերաապահովագրական պայմանագրերի դեպքում ավելի գրավիչ է՝ պայմանավորված վերաապահովագրության մեծ գումարներով, անհրաժեշտ փաստաթղթերի ամբողջական և որակյալ պատրաստմամբ, ռիսկերի գնահատմամբ, վնասների պատմությամբ և այլ գործոններով։
Մեր շուկայում ապահովագրությունը դեռևս ոչ միշտ է դիտարկվում որպես բիզնեսի համար անհրաժեշտ և կարևոր գործիք։
— Հարցը հենց այն է, թե որքանո՞վ է մեր խոշոր բիզնեսը համարժեք ընկալում ապահովագրական պրոդուկտները՝ որպես բիզնես գործընթացների պարտադիր բաղադրիչ։
— Հայկական ռիսկերի դեպքում այս խնդիրը գոյություն ունի։ Գործնականում գերակշռում են այն իրավիճակները, երբ ապահովագրության անհրաժեշտությունն առաջանում է որպես արտասահմանյան գործընկերների կամ միջազգային, այդ թվում՝ ինստիտուցիոնալ ներդրողների պահանջ՝ պայմանագրային պարտավորությունների շրջանակում։
Միևնույն ժամանակ, կան որոշ խոշոր ընկերություններ, որոնք ռիսկերի ապահովագրությունը դիտարկում են որպես բիզնեսը ֆինանսական ցնցումներից պաշտպանելու միջոց։ Սրանք այն հաճախորդներն են, որոնք արդեն բախվել են ռիսկերի և կրել մեծ վնասներ՝ հաճախ հենց ապահովագրության բացակայության պատճառով։
Նրանց վերաբերմունքն ապահովագրության նկատմամբ այլ է։ Ավելի բարդ է, երբ ընկերությունն առաջին անգամ է դիմում ապահովագրության համար և այդ առումով գտնվում է, այսպես ասած, «զրոյական կետում»։
— Տարօրինակ է նման բան լսելը։ Մի՞թե նույնիսկ խոշոր ընկերությունների շրջանում ապահովագրական մշակույթն այդքան ցածր մակարդակի վրա է։
— Ես այդպես չէի ասի։ Խնդիրը միայն այն է, որ երբ ապահովագրությունը «պարտադրված» է և չի հանդիսանում ռիսկերի վերլուծության ու գնահատման արդյունք, ապահովագրողների առաջարկած մոտեցումները միշտ չէ, որ ընդունելի են։
Զարգացած շուկաներում նման դեպքերում դիմում են ապահովագրական բրոքերների օգնությանը։ Հայաստանում բրոքերը շատ հաճախ ընկալվում է որպես վաճառող։ Մինչդեռ ապահովագրական բրոքերի գործունեությունն արմատապես տարբերվում է։
Մենք հաճախորդին ոչինչ չենք վաճառում։ Մենք հաճախորդի անունից գնում ենք ապահովագրություն՝ օգնելով նրան ընտրել համապատասխան ապահովագրական պրոդուկտը։ Պայմանագրի գործողության ամբողջ ընթացքում մենք ներկայացնում ենք հաճախորդի շահերը, իսկ ապահովագրական պատահարի դեպքում պաշտպանում ենք հաճախորդի շահերը և ներկայացնում նրան ապահովագրական ընկերության հետ հարաբերություններում։
— Սա նշանակո՞ւմ է, որ դուք նաև պատասխանատվություն եք կրում հաճախորդի համար։ Եվ պետք է ճիշտ գնահատեք հաճախորդի ռիսկերը, այնպես չէ՞։ Ինչպե՞ս եք դա անում։
— Դասական առումով դրա համար կան բազմաթիվ մեխանիզմներ և գործիքներ։ Սակայն Հայաստանում հաճախ աշխատում է, այսպես կոչված, «ոչ ֆորմալ մոտեցումը»։
Երկրում բիզնես համայնքը փոքր է, բոլորը միմյանց ճանաչում են, հատկապես երբ խոսքը խոշոր հաճախորդի մասին է։ Գիտենք՝ ով է բիզնեսի սեփականատերը, ովքեր են ղեկավարները, ինչ մասնագիտական կարողություններ ունեն։ Այսինքն՝ մեծ հաշվով տեղեկացված ես ընկերության գործունեության մասին, գիտես դրա նախապատմությունը՝ առնվազն վերջին 5–6 տարիների կտրվածքով։
— Բայց դա գնահատման ոչ ֆորմալ մասն է...
— Հաճախ ոչ ֆորմալ մասը կարող է նույնիսկ գերակշռել։ Հաճախորդի նկատմամբ անվստահության դեպքում մենք հրաժարվում ենք համագործակցությունից: Մինչ այժմ տվյալ մոտեցումն արդարացրել է իրեն:
Ինչ վերաբերում է ֆորմալ մասին, մենք վերլուծում ենք տվյալները, ծանոթանում ընկերության գործունեությանը, հանդիպումներ և քննարկումներ ենք անցկացնում։ Մենք ներկայացնում ենք հաճախորդին և պատասխանատվություն ենք կրում նրա համար, ինչպես նաև պատասխանատու ենք հաճախորդի առջև՝ նրան որակյալ ծառայություններ մատուցելու համար։
— Ստացվում է, որ արտասահմանյան ընկերությունների շահերը ներկայացնելն ավելի հե՞շտ է, քան տեղական ընկերություններինը։
— Բարոյական տեսանկյունից, իհարկե, մենք տրամադրված ենք առաջին հերթին աշխատել մեր հայկական ընկերությունների հետ։ Սակայն բիզնեսի արդյունավետության տեսանկյունից անդրսահմանային պայմանագրերը երբեմն ավելի շահավետ են։
Անդերրայթինգի տեսանկյունից այստեղ գործ ունենք ավելի ամբողջական փաստաթղթային փաթեթի հետ։ Հայկական ռիսկերի դեպքում շղթան բավական երկար է և միշտ չէ, որ կայուն է՝ հաճախորդ – բանկ – ապահովագրական ընկերություն, և մինչև գործը հասնում է մեզ, ինչ-որ բան փոխվում է, ու ամեն ինչ սկսվում է սկզբից։
Դա բավական հաճախ է տեղի ունենում այն պատճառներով, որոնց մասին արդեն խոսեցի։ Սակայն այսօրվա իրավիճակը պետք է գնահատել՝ հաշվի առնելով Հայաստանի ապահովագրական շուկայի բավական կարճ «կենսագրությունը»։
Նույն Մերձավոր Արևելքը, Չինաստանը և ընդհանրապես մեծ Ասիան արագ զարգացող շուկաներ են։ Մեզ դիմել են Չինաստանից, Թաիլանդից, Թայվանից, Կենտրոնական Ասիայից, սակայն այնտեղի ռիսկերի մասշտաբները համադրելի չեն Հայաստանի հետ։
Պատկերացրեք՝ այնտեղ մեկ պայմանագրի ապահովագրավճարը միջինում կարող է հասնել մինչև 1.5 մլն ԱՄՆ դոլարի։ Հայաստանում նման գումարներ խիստ հազվադեպ են հանդիպում։ Հաճախ չէ պատահում, որ տեղական ընկերությունը կարողանա կնքել, օրինակ, 1 մլն ԱՄՆ դոլար ապահովագրական վճարով պայմանագիր։ Իսկ անդրսահմանային հաճախորդների դեպքում 1 մլն ԱՄՆ դոլարի ապահովագրավճարը կարող է լինել նվազագույն չափ։
Մեր աշխատանքի առանձնահատկության մեջ կա երկու հստակ տարբերություն։ Երբ մենք ուղղակիորեն աշխատում ենք հաճախորդի հետ, ապահովագրական ընկերության առջև ներկայացնում ենք հաճախորդի շահերը։ Իսկ երբ մեզ դիմում է ապահովագրական ընկերությունը՝ ռիսկերը արտերկրում վերաապահովագրելու նպատակով, մեր հաճախորդը դառնում է ապահովագրական ընկերությունը, և մենք նրա շահերն ենք ներկայացնում վերաապահովագրողների առջև։
— Իսկ մասնակցո՞ւմ եք Հայաստանում անցկացվող ապահովագրական մրցույթներին։
— Մենք մրցույթների չենք մասնակցում։ Մեզ դիմում են դրանց մասնակցող ապահովագրական ընկերությունները։
Մեզ դիմում են նաև տեղական ապահովադիրները, որոնց համար մենք ընտրում ենք ապահովագրական ընկերություն և անհրաժեշտության դեպքում կազմակերպում արտասահմանյան վերաապահովագրողի որոնումը։
Մենք աշխատում ենք մասնագիտացված ոլորտում։ Մենք մեզ չենք գովազդում․ հաճախորդների 95%-ը մեզ դիմում է երաշխավորությամբ։ Երբեմն նաև Lloyd’s-ի սինդիկատների անդամներն են խորհուրդ տալիս դիմել մեզ։
— Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի վերաապահովագրական շուկան։ Ժամանակին վերաապահովագրությունը հասնում էր շուկայի ծավալի գրեթե 90%-ին։ Այսօր, երբ մեր ապահովագրական ընկերությունները կապիտալացվել և զգալիորեն աճել են, այդ մասնաբաժինը նկատելիորեն նվազել է։ Ո՞րն է ձեր ընկերության դերն այս գործընթացում։
— Եթե խոսում ենք BBB-ի՝ բանկային ռիսկերի պարտադիր ապահովագրության մասին, ապա այն ենթադրում է 100% վերաապահովագրություն։
Մյուս դեպքերում յուրաքանչյուր ապահովագրական ընկերություն աշխատում է ՀՀ Կենտրոնական բանկի՝ կարգավորողի նորմատիվների համաձայն, որոնք սահմանում են ընկերության կողմից սեփական պատասխանատվության տակ վերցվող ռիսկերի առավելագույն մակարդակը։
Այլ հարց է հաճախորդի ռիսկի և նրա վնասաբերության պատմության գնահատումը։ Եթե պատմությունը լավ է և առկա է անվտանգության բավարար նորմեր, հնարավոր է չդիմել վերաապահովագրության։ Եթե ռիսկը մեծ է, ապա նույնիսկ նորմատիվների թույլատրած սահմաններում կարող է վերաապահովագրության անհրաժեշտություն առաջանալ, ինչը, բնականաբար, կարող է հանգեցնել պայմանագրի թանկացման։
Վերաապահովագրական բիզնեսում մեր դերն ունի երկու հիմնական ուղղություն։
Առաջինը Գլխավոր վերաապահովագրական պայմանագրերն են, որոնք կնքվում են տարեկան կտրվածքով։ Այս դեպքում վերաապահովագրությունը կարող է կազմել ապահովագրական գումարի 60%-ից մինչև 80–90%-ը։
Երկրորդը Ֆակուլտատիվ վերաապահովագրական պայմանագրերն են, որոնք յուրաքանչյուր ռիսկի համար մշակվում են զրոյից։ Այստեղ ընդհանուր ստանդարտներ չկան։ Դիտարկում ենք գնային առաջարկը, քննարկում պայմանները։ Նման պայմանագրերը որոշ չափով ավելի թանկ են։
— Ինչպիսի՞ն է այսօր ձեր պորտֆելի կառուցվածքը։
— Մեր պորտֆելում ավիացիան կազմում է մոտ 30%, բեռնափոխադրումներին բաժին է ընկնում ևս մոտ 30%։
Մեծ է նաև այն ապահովագրությունների մասնաբաժինը, երբ օտարերկրյա ներդրողները, այդ թվում՝ դոնորները, տարբեր ծրագրերի և պայմանագրերի շրջանակում հաճախորդից պահանջում են ապահովագրության առկայություն։
Պորտֆելի մնացած մոտ 40%-ը ներառում է գույքի, շինարարական և մոնտաժային աշխատանքների, մասնագիտական և այլ պատասխանատվության, ֆինանսական, արդյունաբերական և քաղաքական ռիսկերի ապահովագրություն։
Ընդհանուր պորտֆելի մոտ 70–75%-ը վերաապահովագրություն է։
— Ձեզ, նույնիսկ այսօր՝ Lloyd’s-ի կողմից հավատարմագրված ընկերության կարգավիճակով, միանգամայն արդարացիորեն համարում են ազգային շուկայի ենթակառուցվածքի մաս։ Այդուհանդերձ, պատրա՞ստ եք աշխատել Եվրամիության երկրների, օրինակ՝ Արևելյան Եվրոպայի՝ Լեհաստանի, Բուլղարիայի, Ռումինիայի և այլ երկրների ընկերությունների հետ։
— Այո՛, իհարկե, քանի որ մենք համապատասխանում ենք ինչպես Lloyd’s-ի չափանիշներին, այնպես էլ տեղական օրենսդրության պահանջներին։
Իհարկե, կան երկրներ, որտեղ սահմանափակված է օտարերկրյա ապահովագրական բրոքերների գործունեության հնարավորությունը, սակայն նման երկրները շատ չեն։ Ընդհանուր առմամբ, եվրոպական շուկայում աշխատելու տեսանկյունից մենք բավական ազատ ենք։
Եվ ևս մեկ կարևոր հանգամանք։ Բացի մեր ընկերության՝ Lloyd’s-ի բրոքերի կարգավիճակ ստանալու ինստիտուցիոնալ նշանակությունից, ֆունկցիոնալ տեսանկյունից կա ևս մեկ կարևոր հնարավորություն՝ աշխատել անմիջապես, առանց միջնորդների, Lloyd’s-ի շուկայի միջոցով։
Սա նշանակում է, որ այժմ մենք ուղղակի հասանելիություն ունենք այն շուկային, որտեղ ռիսկերը ստորագրվում են Lloyd’s-ի սինդիկատների կողմից։
Ուստի կարևոր է, որ Հայաստանի և այլ երկրների գործարար համայնքները տեղեկացված լինեն, որ Հայաստանից Lloyd’s-ի ապահովագրական պայմանագիր ստանալն այժմ հասանելի է՝ զգալիորեն պարզեցված ընթացակարգով։
Դա վերաբերում է նաև խոշոր միջազգային ընկերություններին, որոնք Հայաստանում ունեն ներկայացուցչություններ, մասնաճյուղեր կամ դուստր ընկերություններ։ Դա վերաբերում է ՏՏ ընկերություններին, հանքարդյունաբերությանը, գույքային բոլոր տեսակի ռիսկերին և պատասխանատվության ռիսկերին, այդ թվում՝ մասնագիտական պատասխանատվությանը։ Բացառված չեն նաև աշխատակիցների բժշկական և կյանքի ապահովագրությունները։
Այսօր մեզ դիմում են այն պատճառով, որ տեղական շուկայում չեն կարող ստանալ իրենց անհրաժեշտ որոշակի չափանիշներին համապատասխան ապահովագրական ծածկույթ կամ անհրաժեշտություն ունեն ունենալու Lloyd’s-ի ապահովագրական պայմանագիր։ Այժմ մենք արդեն կարող ենք դա ապահովել։