Երկուշաբթի, 7 Սեպտեմբերի 2026 16:41
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանն ու Վրաստանը քննարկել են տրանսպորտի, էներգիայի և ավիացիայի ոլորտներում երկկողմ համագործակցության հարցեր

Հայաստանն ու Վրաստանը քննարկել են տրանսպորտի, էներգիայի և ավիացիայի ոլորտներում երկկողմ համագործակցության հարցեր

Արմինֆո.Այսօր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը Վրաստանի Բաթում քաղաքում մասնակցել է Վրաստանի միջազգային ծովային ֆորումի (GIMF 2026) պաշտոնական և հանդիսավոր բացման արարողությանը։

 

Միջոցառումը համախմբել է շուրջ 40 երկրների ավելի քան 400 պատվիրակների։  ֆորումին բացման ելույթներով հանդես է եկել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

 

ՏԿԵՆ հաղորդագրության համաձայն, ֆորումի շրջանակներում նախարարը հանդիպում է ունեցել Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Կվրիվիշվիլիի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տրանսպորտի, էներգետիկայի և ավիացիայի ոլորտներում երկկողմ փոխգործակցությանն առնչվող հարցեր:

 

Ավիացիոն ոլորտի զարգացման համատեքստում նախարարներն առանձնակի շեշտել են Հայաստանի և Վրաստանի քաղաքների միջև ուղիղ ավիահաղորդակցության նոր ուղղությունների հիմնման և չվերթների ակտիվացման անհրաժեշտությունը։

 

Անդրադարձ է կատարվել նաև էներգետիկ բնագավառում ռազմավարական համագործակցության շարունակականությանը։

 

Կողմերը քննարկել են բեռնափոխադրումների և լոգիստիկայի ոլորտում առկա խնդիրներն ու զարգացման հեռանկարները՝ ինչպես երկու երկրների, այնպես էլ լայն տարածաշրջանային համատեքստում:

 

Նախարար Մարիամ Կվրիվիշվիլիի հետ քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։