Չորեքշաբթի, 9 Սեպտեմբերի 2026 12:48
Ալեքսանդր Ավանեսով

Սեպտեմբերի 12-ին հայ-իրանական սահմանին տեղի կունենա Հայաստանի և Իրանի ներկայացուցիչների հանդիպումը

Սեպտեմբերի 12-ին հայ-իրանական սահմանին տեղի կունենա Հայաստանի և Իրանի ներկայացուցիչների հանդիպումը

ԱրմԻնֆո. Սեպտեմբերի 12-ին հայ-իրանական սահմանին տեղի կունենա Հայաստանի և Իրանի ներկայացուցիչների հանդիպումը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ երկկողմ սահմանային հանդիպմանը մասնակցելու համար Իրան կգործուղվի Հայաստանի պատվիրակությունը՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի գլխավորությամբ։

Ինչպես հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, հանդիպումը տեղի կունենա «Նորդուզ» սահմանային անցակետում և Ջուլֆա քաղաքում։

 

Ակնկալվում է, որ դրա անցկացման արդյունքներով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և ԻԻՀ մաքսային վարչության միջև կստորագրվի պարզեցված մաքսային միջանցքի ստեղծման մասին արձանագրություն։ ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 3-ին հավանություն է տվել այդ փաստաթղթի ստորագրմանը, որով Հայաստանն ու Իրանը նախնական տեղեկություններ կփոխանակեն երկու պետությունների տարածքներով փոխադրվող ապրանքների և տրանսպորտային միջոցների վերաբերյալ։ Արձանագրությունը կվերաբերի օրինապահ տնտեսական օպերատորներին, որոնց նկատմամբ կկիրառվի մաքսային հսկողության և մաքսային ձևակերպման պարզեցված ընթացակարգ։

 

Ապրանքների փոխադրումը դյուրացնելու նպատակով իրանական կողմը հանդես է եկել հայ-իրանական սահմանին պարզեցված մաքսային միջանցքի ստեղծման առաջարկով և այդ նպատակի իրականացման համապատասխան նախագծով։ Մասնավորապես, ենթադրվում է, որ պարզեցված մաքսային միջանցքի կիրառման նպատակով կողմերը մյուս կողմի տարածք ապրանքների և տրանսպորտային միջոցների ներմուծումից առաջ էլեկտրոնային եղանակով կփոխանակեն տեղեկություններ ապրանքների, տրանսպորտային միջոցների և արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների, այդ թվում՝ բեռնափոխադրողների և նրանց աշխատակիցների վերաբերյալ՝ արձանագրությամբ սահմանված պայմաններին համապատասխան։ Պարզեցված մաքսային միջանցքը նախատեսվում է կիրառել այն սուբյեկտների նկատմամբ, որոնց գործունեությունը բնութագրվում է մաքսային օրենսդրության խախտման ցածր ռիսկով։ Պարզեցումները կկիրառվեն տրանսպորտային միջոցների բոլոր տեսակների, բացառությամբ անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների, և բեռների բոլոր տեսակների նկատմամբ, ինչպես նաև հայկական և իրանական այն սուբյեկտների նկատմամբ, որոնք պարզեցված մաքսային միջանցքից կօգտվեն կամավորության սկզբունքով։