
ԱրմԻնֆո. Հայկական Firebird նախագիծը TRIPP-ի (Թրամփի երթուղին՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման) համադրությամբ կարող է փոխել ոչ միայն Հարավային Կովկասի տրանսպորտային, այլև թվային քարտեզը։ Այս մասին գրում է թուրքական Turk-Internet.com-ը։
Ըստ աղբյուրի՝ եթե վերջերս Հայաստանը գրեթե չէր հիշատակվում տվյալների մշակման կենտրոնների ոլորտում Թուրքիայի լուրջ մրցակիցների ցանկում, ապա այսօր իրավիճակը կարող է փոխվել։ Հրատարակությունը Հայաստանին անվանել է պոտենցիալ ուժեղ մրցակից, որի գլխավոր առավելությունը ոչ թե մատչելի հողն ու էլեկտրաէներգիան են, այլ ԱՄՆ-ի աջակցությունը, քանի որ Nvidia-ի չիպերը դարձել են խաղաղ դիվանագիտության մաս։
<Հայաստանի արհեստական բանականության ոլորտի ռազմավարությունը ստացել է այն, ինչը Թուրքիան ինքնաբերաբար չունի՝ ամերիկյան ԱԲ սարքավորումների էկոհամակարգին արտոնյալ քաղաքական հասանելիություն։ Այս տարբերությունը կարող է չափազանց կարևոր դառնալ>, - նշում է Turk-Internet.com-ը։
Բացի այդ, հրատարակությունում նկատել են, որ արդեն սկսում են հայտնվել Firebird-ի առաջին միջազգային հաճախորդները - առաջիններից մեկը Perplexity-ն է, որը նախատեսում է Հայաստանի հաշվողական ենթակառուցվածքն օգտագործել իր պատասխանների որոնման համակարգի և ԱԲ գործակալների հարթակի համար։
<Ուստի նախագծի նշանակությունը միայն այն չէ, որ <Հայաստանը ձեռք է բերել Nvidia-ի գրաֆիկական պրոցեսորներ։ Գլխավորը Հայաստանում ամերիկյան ԱԲ ենթակառուցվածքի էկոհամակարգի ձևավորումն է>, - ասվում է Turk- Internet.com-ում։
Հրատարակությունը նաև գրում է, որ Հայաստանի համար Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումը կարող է էլ ավելի փոխակերպող նշանակություն ունենալ։ Սա նշանակում է, որ Հայաստանի զարգացող ԱԲ ենթակառուցվածքը պարտադիր չէ, որ աշխարհագրորեն մեկուսացված մնա։ Ի վերջո, այս համադրությունը կարող է Հայաստանը վերածել մի վայրի, որտեղ գտնվում են Nvidia-ի գրաֆիկական պրոցեսորները, առկա է կապ դեպի արևելք՝ Ադրբեջանի և Կենտրոնական Ասիայի միջոցով, կապ դեպի արևմուտք՝ Թուրքիայի և այնուհետև
- Եվրոպայի հետ։ Այլ կերպ ասած՝ տվյալների կենտրոնների շնորհիվ Հայաստանը կարող է դուրս գալ մեկուսացումից։
Այս դեպքում Թուրքիան միաժամանակ կհայտնվի երկու դիրքում՝ և՛ արհեստական բանականության ոլորտում ներդրումների համար Հայաստանի մրցակից, և՛ տարանցիկ երկիր, որի միջոցով հայկական ԱԲ թրաֆիկը կուղղվի դեպի Եվրոպա։
Հոդվածի ամբողջական տեքստին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://turkinternet.com/ermenistan-yapay-zeka-altyapisinda-turkiyenin-onune-mi-geciyor/ .