Երկուշաբթի, 14 Սեպտեմբերի 2026 17:44
Մարիաննա Մկրտչյան

Երևանում ամփոփվել են Buissup Challenge մրցույթի արդյունքները. 150 մասնակից, 10 բիզնես առաջադրանք և 3,5 մլն դրամ մրցանակային ֆոնդ

Երևանում ամփոփվել են Buissup Challenge մրցույթի արդյունքները. 150 մասնակից, 10 բիզնես առաջադրանք և 3,5 մլն դրամ մրցանակային ֆոնդ

Արմինֆո. Սեպտեմբերի 11-13-ը «ԱՅԲ» դպրոցում ընթացել է Հայ գործարարների ասոցիացիայի կողմից կազմակերպված Buissup Challenge մրցույթը՝ Buissup-ի նոր ձևաչափը, որի շրջանակում երիտասարդ մասնագետներն ու տարբեր ոլորտների ներկայացուցիչներն աշխատել են խոշոր ընկերությունների կողմից ներկայացված իրական բիզնես առաջադրանքների շուրջ՝ մշակելով դրանց համար կիրառելի լուծումներ։

Եռօրյա ծրագրի շրջանակներում շուրջ 150 երիտասարդ մասնագետներ, միավորվելով միջդիսցիպլինար թիմերում, աշխատել են հայկական խոշոր ընկերությունների կողմից ներկայացված 10 իրական բիզնես առաջադրանքների վրա:

Առաջադրանքները ներկայացվել էին Ucom, Union LLC, Coffee House, Yan Products, Cinema Star, Sali, One Way Tour, Maple Leafs Clinic, Dalma Garden Mall և Bacon Product ընկերությունների կողմից եւ ընդգրկում էին բիզնեսի զարգացման մի շարք արդիական ուղղություններ՝  արհեստական բանականություն և թվայնացում, մարքեթինգ և վաճառքների զարգացում, հաճախորդների փորձի բարելավում, մարդկային ռեսուրսների կառավարում, ներքին գործընթացների օպտիմալացում և արդյունավետության բարձրացում։

Եզրափակիչ օրը թիմերն իրենց մշակած լուծումները ներկայացրել են համապատասխան ընկերությունների ներկայացուցիչներին։ Գնահատվել են առաջարկների կիրառելիությունը, նորարարությունը, բիզնես ազդեցությունը և խնդրի նկատմամբ մոտեցման արդյունավետությունը։ 3,5 մլն դրամ ընդհանուր մրցանակային ֆոնդը բաշխվել է լավագույն լուծումներ առաջարկած թիմերի միջև:

Buissup Challenge մրցույթն ստեղծվել է որպես գործարար և մասնագիտական ներուժի հանդիպման հարթակ, որտեղ մասնակիցները ոչ միայն գաղափարներ են առաջարկում, այլև աշխատում են իրական խնդիրների վրա և իրենց լուծումները ներկայացնում անմիջապես որոշումներ կայացնողներին:

2019 թվականին հիմնադրված Հայ գործարարների ասոցիացիան շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը հարթակ է ձևավորում հայկական և միջազգային գործարար համայնքների միջև համագործակցության համար: Իր գործունեության յոթ տարիների ընթացքում ասոցիացիան իրականացրել է բազմաթիվ գործնական միջոցառումներ և նախաձեռնություններ: Հայ գործարարների ասոցիացիայի նախագահն Է "Տաշիր" ընկերությունների խմբի հիմնադիր և նախագահ Սամվել Կարապետյանը: