ԱրմԻնֆո. Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) և մասնագիտացված միջազգային խորհրդատուն
- CES Clean Energy Solutions GesmbH / iC consulenten LLC համատեղ ձեռնարկությունը ստորագրել են պայմանագիր, համաձայն որի՝ խորհրդատուն Երևանի և Սյունիքի մաքսային-լոգիստիկ կենտրոնների կառուցման նախագծի շրջանակում տեխնիկական աջակցություն կտրամադրի LEED (Leadership in Energy and Environmental Design) կանաչ շենքերի հավաստագրման համակարգի պահանջների ներդրման և համապատասխան հավաստագրերի ստացման գործընթացում։
Աշխատանքների շրջանակում կգնահատվեն և, անհրաժեշտության դեպքում, կկատարելագործվեն նախագծային լուծումները՝ հաշվի առնելով էներգաարդյունավետության, ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման, վերականգնվող էներգիայի աղբյուրների կիրառման, բնական լուսավորության և ներքին միջավայրի որակի ապահովման, շինանյութերի և ռեսուրսների արդյունավետ օգտագործման, թափոնների կառավարման և շրջակա միջավայրի վրա ազդեցության նվազեցման պահանջները։
Ինչպես նշվում է ՊԵԿ հաղորդագրության մեջ, Երևանի և Սյունիքի մաքսային-լոգիստիկ կենտրոնների համար նախատեսվում է ապահովել առնվազն LEED Silver կամ ավելի բարձր մակարդակի հավաստագրում։
Ծրագրի իրականացման շրջանակում նախատեսվում է ստեղծել ժամանակակից, էներգաարդյունավետ և բնապահպանական պատասխանատվության սկզբունքներին համապատասխան մաքսայինլոգիստիկ ենթակառուցվածքներ, որոնք կհամապատասխանեն կանաչ շինարարության միջազգային չափանիշներին։