
Արմինֆո. Այս տարի Հայաստանի գլխավոր տեխնոլոգիական իրադարձությունը՝ «Դիջիթեք» ցուցահանդես-համաժողովը, կդառնա արհեստական բանականության (ԱԲ) խոշորագույն հարթակներից մեկը տարածաշրջանում: Այդ մասին սեպտեմբերի 23-ին մամուլի ասուլիսի ժամանակ նշել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) նախագահ Արմեն Քոչարյանը։
Նրա խոսքով՝ այս տարի միջոցառումը կանցկացվի նոյեմբերի 20-22-ը՝ "Աշխարհի նոր ԱԲ հանգույցը" խորագրի ներքո եւ մեկ հարթակում կհավաքի տեխնոլոգիական առաջատարների, ձեռներեցների, ներդրողների եւ պետական հատվածի ներկայացուցիչների ԱՄՆ-ից, Եվրոպայից, Պարսից ծոցի եւ Կենտրոնական Ասիայի երկրներից։
«Դիջիթեք» համաժողովի շրջանակներում ելույթ կունենան շուրջ 150 միջազգային բանախոսներ այնպիսի առաջատար ընկերություններից, ինչպիսիք են՝ NVIDIA, OpenAI, Microchip Technology, Revolut, Mozilla, AWS, Dell, Field AI և այլն: Ծրագիրը կներառի նաև DigiHub -ի առանձին դահլիճ ՝ նախատեսված մասնագիտական ելույթների համար, միջազգային OpenTalks.AI ծրագիր, ինչպես նաև ճյյուղի առաջատար ներկայացուցիչների հետ ուղղակի շփումներ հաստատելու լրացուցիչ հնարավորություններ: «ԴիջիԹեք» ցուցահանդեսին, իրենց հերթին, ներկայացված կլինեն ավելի քան 200 տեղական և միջազգային ընկերություններ, ստարտափներ, գործարար պատվիրակություններ և ներդրողներ:
Քոչարյանը նշել է, որ 2005 թվականից ի վեր, երբ տեղի ունեցավ առաջին «Դիջիթեք»-ը, Հայաստանը տեխնոլոգիաներից օգտվող երկրից վերածվել է դրանք արտադրող երկրի: "Եվ «Դիջիթեք»-ն այս տարի ավելի մասշտաբային կլինի, քանի որ մենք արդեն ունենք ընկերություններ, որոնք ստեղծում են միջազգային պահանջարկ ունեցող տեխնոլոգիաներ", - ասել է նա: Միաժամանակ, ԱՏՁՄ ղեկավարն ընդգծել է, որ 20 տարվա ընթացքում «Դիջիթեք» - ը փոխվել է, ավելի ճիշտ, փոխվել է նրա ռազմավարական նպատակը․ այն այլևս միայն հայկական չէ, այլ՝ միջազգային:
Ասուլիսին մասնակցել է Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը:
Նշելով, որ անցյալ տարի «Դիջիթեք»-ն ունեցել է ավելի քան 30 հազար մասնակից, իսկ ցուցահանդեսին ներկայացված են եղել ավելի քան 20 ստարտափներ՝ ավելի քան 30 երկրներից, նա հույս է հայտնել, որ այս տարի կհաջողվի գերազանցել 2025 թվականի ցուցանիշները: "Դիջիթեք»-ն ինքնին մարմնավորում է մի մոդել, որին մենք կցանկանայինք, որ Հայաստանի բոլոր տեխնոլոգիական ընկերությունները գան ՝ սկսած ստարտափի համեստ գաղափարից և հասնելով կարգավիճակի, երբ ընկերության դերն ու ազդեցությունը դուրս են գալիս Հայաստանի սահմաններից", - ասել է նախարարը։
ԱՏՁՄ գործադիր տնօրեն Էդիտա Ղազարյանը հաղորդել է, որ «Դիջիթեք» ծրագրում են նաև տեխնիկական վարպետության դասեր, քննարկումներ, ռոբոտաշինության մրցույթ, որը նախաձեռնել է «Արմաթ» լաբորատորիան, որին կմասնակցի շուրջ 400 երեխա: Բացի այդ, կկազմակերպվի Investor-Tour, որի շրջանակում ավելի քան 60 երկրների ներդրումային և վենչուրային հիմնադրամների ներկայացուցիչներ կայցելեն ստարտափ ընկերություններ: Ավելին, «Դիջիթեք»-ը կանցկացնի ստարտափների մրցույթ, որի ընթացքում վերջիններս իրենց գաղափարները կներկայացնեն ներդրողներին։
Ղազարյանը խոսել է նաև պետական պատվիրակությունների առաջիկա այցի մասին, այդ թվում ՝ Կատարից, Վրաստանից, Ուզբեկստանից, Ղազախստանից: Խոսելով վերջինի մասին՝ ԱՏՁՄ գործադիր տնօրենը նշել է, որ Ղազախստանից սպասվում է մեծ ներկայացուցչական պատվիրակություն՝ երկրի փոխվարչապետի գլխավորությամբ:
Նշենք, որ «Դիջիթեք»-ի պատմությունը սկսվել է 2005 թվականին։ Դրա հիմնադիրը հայկական տեխնոլոգիական հանրության անվերապահ առաջնորդ, ԱՏՁՄ երկարամյա տնօրեն, լուսաահոգի Կարեն Վարդանյանն էր։
Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն, Հայաստանի տեղեկատվական և հաղորդակցային տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտը 2026թ. առաջին կիսամյակում աճել է տարեկան 12,1%-ով (մեկ տարի առաջվա 12,6% աճի դիմաց)՝ ապահովելով 622,4 մլրդ դրամի հասույթ (1,6 մլրդ դոլար)։ Ընդ որում, միայն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն ապահովել է 341.1 մլրդ դրամի հասույթ՝ տարեկան 14.3% աճով։