
Արմինֆո. Թբիլիսիում անցկացվող Էներգետիկայի կարգավորման 9-րդ համաշխարհային ֆորումի (WFER IX) շրջանակում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը հանդիպել է Եվրոպական էներգետիկ կարգավորողների խորհրդի (CEER) նախագահ Պեդրո Վերդելյոյի և EU4Energy ծրագրի ներկայացուցիչների հետ։
ՀԾԿՀ հաղորդագրության համաձայն, հնդիպմանը մասնակցել են նաև Վրաստանի էներգետիկայի և ջրամատակարարման կարգավորող ազգային հանձնաժողովի (GNERC) նախագահ Դավիթ Նարմանիան և Ադրբեջանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող գործակալության (AERA) խորհրդի նախագահ Սամիր Ախոնդովը։
Մեսրոպ Մեսրոպյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի էներգետիկայի ոլորտի կարգավորման ուղղությամբ ցուցաբերվող տեխնիկական աջակցության և ձևավորված սերտ համագործակցության համար։
ՀԾԿՀ նախագահն ընդգծել է նաև էներգետիկայի ոլորտի օրենսդրությամբ նախատեսված կուտակիչ կայանների կառուցման համար անհրաժեշտ ենթաօրենսդրական ակտերի մշակման ուղղությամբ ցուցաբերվող աջակցության կարևորությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հարավային Կովկասի երկրների էներգահամակարգերի փոխադարձ ինտեգրման և տարածաշրջանային էներգետիկ համագործակցության խորացման հնարավորությունները, ինչպես նաև տարածաշրջանի էներգահամակարգերը Թուրքիայի էներգետիկ համակարգին միացնելու ուղղությամբ հնարավոր քայլերը։