Ուրբաթ, 25 Սեպտեմբերի 2026 14:44
Ալինա Հովհաննիսյան

Դավիթ Խուդաթյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցչի հետ քննարկել է ենթակառուցվածքային զարգացման ծրագրեր

Դավիթ Խուդաթյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցչի հետ քննարկել է ենթակառուցվածքային զարգացման ծրագրեր

Արմինֆո.  Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Թուրքիայի և Կովկասի հարցերով գործադիր տնօրեն Էլիզաբետտա Ֆալչետտիին։

 

ՏԿԵՆ հաղորդագրության համաձայն,  հանդիպման ընթացքում քննարկվել են ճանապարհաշինության, էներգետիկայի, տրանսպորտի և ջրային ոլորտներին վերաբերող մի շարք հարցեր։

 

Նախարարը ներկայացրել է ՎԶԵԲ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը և առաջիկա անելիքները։ Անդրադարձ է կատարվել կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրին։ Նախարարը նշել է, որ հետաքրքրված ենք ծրագրի շարունակականությամբ և հանրապետության տարածքում նման այլ աղբավայրերի և թափոնների կառավարման ենթակառուցվածքների ձևավորմամբ։

 

Անդրադարձ է կատարվել նաև ՎԶԵԲ-ի հետ համատեղ իրականացվող «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի ընթացքին։ Նախարար Խուդաթյանը ընդգծել է ծրագիրը հնարավորինս արագ կյանքի կոչելու կարևորությունը։

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։

 

Հիշեցնենք, որ ՎԶԵԲ-ը 2026 և 2027 թվականներին Հայաստանի համար կանխատեսում է ՀՆԱ-ի 5,5 տոկոս աճ: