
Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 29-ին Ներդրումների աջակցման կենտրոն հիմնադրամի նախաձեռնությամբ մասնակցել է հյուրանոցային ոլորտի ներկայացուցիչների հետ գործարար նախաճաշի։
Էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Անուշիկ Ավետյանն ու Ներդրումների աջակցման կենտրոն հիմնադրամի տնօրեն Գոհար Աբաջյանը։
Քննարկման առանցքում եղել են հյուրանոցային և հյուրընկալության ոլորտի զարգացման հարցերը։ Խոսվել է ոլորտի առկա խնդիրների և դրանց լուծումների, օրենսդրական կարգավորումների, զբոսաշրջային հոսքերի ավելացման, ենթակառուցվածքների զարգացման և համապատասխան կադրերի պատրաստման մասին։
Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի տարածաշրջանային կապակցվածության ընդլայնմանը և հյուրանոցային ծառայությունների մրցունակության բարձրացման հնարավորություններին։ Հանդիպումը հնարավորություն է տվել ոլորտի ներկայացուցիչներին անմիջականորեն բարձրաձայնել իրենց խնդիրներն ու առաջարկները և քննարկել հետագա համագործակցության հնարավորությունները։
Նշենք, որ ըստ Զբոսաշրջության կոմիտեի տվյալների, 2026 թվականի հունվար-օգոստոս ամիսներին Հայաստան է այցելել 1.467 մլն զբոսաշրջիկ, ինչը 1,7% - ով զիջում է մեկ տարվա վաղեմության ցուցանիշին։