Չորեքշաբթի, 30 Սեպտեմբերի 2026 15:16
Ալեքսանդր Ավանեսով

ՀԾԿՀ նիստում որոշում է ընդունվել էլեկտրաէներգետիկական համակարգում էլեկտրաէներգիայի հզորության գործակցի հրապարակման նոր պահանջներ սահմանելու մասին

ՀԾԿՀ նիստում որոշում է ընդունվել էլեկտրաէներգետիկական համակարգում էլեկտրաէներգիայի հզորության գործակցի հրապարակման նոր պահանջներ սահմանելու մասին

Արմինֆո.Սեպտեմբերի 30-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում (ՀԾԿՀ) նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի նախագահությամբ տեղի ունեցած նիստում ընդունվել է որոշում, որով սահմանվել է էլեկտրաէներգետիկական համակարգում էլեկտրական էներգիայի հզորության գործակցի հրապարակման նոր պահանջ։

 

Որոշման համաձայն՝ «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ն մինչև 2026 թվականի դեկտեմբերի 1-ը պարտավոր է իր պաշտոնական վեբ կայքում հրապարակել տեղեկատվություն՝ սահմանված հզորության գործակցի թույլատրելի տիրույթների վերաբերյալ։

 

ՀԾԿՀ հաղորդագրության համաձայն, համապատասխան տեղեկատվությունը վերաբերում է էլեկտրաէներգետիկական համակարգի սահմանազատման կետերին, որոնցում բաշխողը և որակավորված սպառողները պետք է ապահովեն իրենց տնօրինության ներքո գտնվող էլեկտրաէներգետիկական համակարգի համապատասխան աշխատանքը՝ սահմանված թույլատրելի տիրույթների պահպանմամբ։

 

Նոր կարգավորմամբ նախատեսվում է նպաստել էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալի և արդյունավետ աշխատանքին, ինչպես նաև հստակեցնել էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի և էլեկտրաէներգետիկական շուկայում լիցենզավորված գործունեություն իրականացնող անձանց միջև փոխհարաբերությունները։

 

Նշենք, որ հզորության գործակիցը փոփոխական հոսանքի ցանցում լրիվ հզորության նկատմամբ օգտակար ակտիվ հզորության հարաբերակցությունն է, որը ցույց է տալիս էլեկտրաէներգիայի օգտագործման արդյունավետությունը: Մեծությունը տատանվում է 0-1-ի սահմաններում, և որքան մոտ է 1-ին, այնքան ավելի արդյունավետ է աշխատում ցանցը: