
ԱրմԻնֆո. Գերմանիայից օդային ճանապարհով Հայաստան են ներմուծվել հոլշտեյն ցեղի տոհմային երինջներ։ Ինչպես հաղորդում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը, սա օդային ճանապարհով Հայաստան տոհմային խոշոր եղջերավոր կենդանիների ներմուծման առաջին դեպքն է։
Ներմուծումն իրականացվել է Երեմյան ընկերությունների խմբի կողմից։
«Տոհմային բարձրարժեք կենդանիների ներմուծումը ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող տավարաբուծության զարգացման ծրագրի կարևոր ուղղություններից է։ Նախարարության կողմից իրականացվող ծրագրերի շրջանակում Հայաստան արդեն ներկրվել է 2,785 գլուխ տոհմային խոշոր եղջերավոր կենդանի», - ասվում է հաղորդագրությունում։
Նշենք, որ Հայաստանում անասնաբուծության զարգացման 2019-2024 թվականների կառավարության ծրագրի շրջանակներում հանրապետություն են ներմուծվում խոշոր եղջերավոր անասունների հոլշտինյան, շվեյցարական, սիմենթալյան, մոնբելյարի և ջերսեյան ցեղատեսակների տոհմային երինջներ, որոնցից և նրանց սերունդներից տարեկան ստանում են ավելի քան 2400 գլուխ բարձրարժեք սերունդ, ինչը թեև սահմանափակ է, սակայն իրենից ներկայացնում է հարուստ գենոֆոնդ հանրապետությունում բուծվող մսատու անասունների տոհմային և արտադրողական բնութագրերի բարելավման համար:
Բացի այդ, կառավարությունն ընթացիկ տարվա մայիսի 21-ի նիստում փոփոխություններ է կատարել անասնաբուծության զարգացման 2025-2029 թվականների ծրագրում՝ անասնաբուծության զարգացմամբ հետաքրքրված շահառուների համար առավել բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով: