
Արմինֆո.Հայ-ավստրիական համագործակցության շրջանակում Հայաստան են հասել 64 ֆլեքվի ցեղի տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներ, որոնք ձեռք են բերվել ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող «ՀՀ-ում 2025 - 2029 թվականների տավարաբուծության զարգացման ծրագրի» շրջանակում։
ՀՀ էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, նախաձեռնությունը «Նորարարական անասնապահություն․ կենդանիների նախրաքաշ, բուծում և շուկաներ» (INLIMA) ծրագրի շրջանակում հայ-ավստրիական համագործակցության արդյունք է, որի հիմքը դրվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և Cattle Breeders Austria-ի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրմամբ։ Ձեռք բերված կենդանիների համար նախատեսվում է փոխհատուցել շուրջ 35 մլն ՀՀ դրամ։
Նշենք, որ INLIMA-ն (Innovative Livestock Management: Animal Migration, Breeding & Markets) Հայաստանում անասնաբուծության զարգացման ծրագիր է, որը նախատեսված է 2025 թվականի սեպտեմբերից մինչև 2029 թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածի համար: Այն իրականացվում է Ռազմավարական զարգացման գործակալության (SDA) կողմից Ավստրիական զարգացման գործակալության (ADA) ֆինանսական աջակցությամբ: Ծրագիրն ուղղված է tոհմային անասնաբուծության և վերարտադրողական տեխնոլոգիաների կատարելագործմանը, արոտավայրերի և անասնագլխաքանակի կառավարման բարելավմանը, ինչպես նաև կաթնամթերքի և մսի արտադրության մրցունակության բարձրացմանը: ADA-ի կողմից ֆինանսավորման ծավալը կազմում է 2,1 միլիոն եվրո:-