
Արմինֆո. ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հյուրընկալել է Արաբական ծոցի զարգացման ծրագրի (AGFUND) և Արքայազն Թալալի միջազգային մրցանակի հանձնաժողովի նախագահ, արքայազն Աբդուլազիզ բին Թալալ Ալ Սաուդի գլխավորած պատվիրակությանը։
ՀՀ ֆինանսների նախարարության հաղորդագրության համաձայն, հանդիպման սկզբում նախարար Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել արքայազնին՝ Արքայազն Թալալի միջազգային մրցանակի (Prince Talal Prize) շրջանակում Հայաստանի նկատմամբ ցուցաբերած ուշադրության և համագործակցության հնարավորությունների դիտարկման համար։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են կրթության զարգացման, նորարարական և բաց կրթական ծրագրերի խթանման, ինչպես նաև միկրոֆինանսավորման և փոքր ու միջին ձեռնարկատիրության աջակցության հնարավորությունները։
Նախարար Հովհաննիսյանը ներկայացրել է Հայաստանում իրականացվող ենթակառուցվածքային ծրագրերն ու «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը՝ ընդգծելով տարածաշրջանային կապակցվածության բարելավման և տնտեսական համագործակցության ընդլայնման կարևորությունը։
Անդրադարձ է կատարվել նաև մարդկային կապիտալի զարգացմանը, տնտեսական ներառականության ապահովմանը և համատեղ նախաձեռնությունների իրականացման հեռանկարներին։
Հանդիպման ընթացքում կարևորվել է այն գաղափարը, որ զարգացումն ու խաղաղությունը փոխկապակցված են, իսկ մարդկանց մեջ ներդրումներն ու միջազգային համագործակցությունը կարող են նպաստել տևական խաղաղության համար անհրաժեշտ պայմանների ձևավորմանը։
Այս համատեքստում ընդգծվել է հետևյալ ուղերձը. «Զարգացումը չի կարող սպասել, մինչև աշխարհում խաղաղություն հաստատվի: Համագործակցության և մարդկանց մեջ ներդրումներ անելու միջոցով մենք կարող ենք պայմաններ ստեղծել տևական խաղաղության համար: Մեր հանգամանքները կարող են փոխվել, սակայն մեր պատասխանատվությունը չի փոխվում»։