Երեքշաբթի, 10 Փետրվարի 2026 15:29
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանը շահագրգռված է Միացյալ Թագավորության  մասնակցությամբ ենթակառուցվածքային նախագծերին. Դավիթ Խուդաթյան

Հայաստանը շահագրգռված է Միացյալ Թագավորության  մասնակցությամբ ենթակառուցվածքային նախագծերին. Դավիթ Խուդաթյան

Արմինֆո. ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին։

 

ՏԿԵՆ հաղորդագրության համաձայն, նախարարը ողջունել է դեսպանին և կարևորել Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև հարաբերությունների շարունակական զարգացումը։

 

Դեսպանն իր հերթին ընդգծել է՝ Հայաստան - Միացյալ Թագավորություն հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակում են։

 

Հանդիպման ժամանակ քննարկվել են ենթակառուցվածքային ծրագրեր։ Նախարարը դեսպանին տեղեկացրել է, որ ՏԿԵ նախարարությունը խոշոր ենթակառուցվածքային ծրագիր է իրականացնում և շատ ցանկալի կլինի այդ ծրագրերում, միջազգային մրցույթներում տեսնել ՄԹ ընկերությունների։

 

Անդրադարձ է կատարվել նաև «Խաղաղության Խաչմերուկ» նախաձեռնությանը։

Երկուստեք կարևորվել է հունիս ամսից Երևան - Լոնդոն ուղիղ չվերթների մեկնարկը, որը հնարավորություն կտա էլ ավելի զարգացնել երկու երկրների հարաբերություններն ինչպես առևտրատնտեսական, այնպես էլ զբոսաշրջության ուղղությամբ։

 

Նշենք, որ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն,  Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև առևտրաշրջանառությունը 2025 թվականին աճել է 7,3% - ով ՝ կազմելով 105.9 մլն դոլար: Ընդ որում, արտահանման մատակարարումների ծավալները կրճատվել են 60,3% - ով ՝ մինչև 967.1 հազար դոլար՝  ներմուծման 9% կամ մինչև 104.9 մլն դոլար աճի ֆոնին:

 

2025 թվականի արդյունքներով Միացյալ Թագավորությունից Հայաստան է այցելել 13 713 զբոսաշրջիկ, ինչը 16.3% - ով բարձր է նախորդ տարվա ցուցանիշից:

 

Հիշեցնենք, որ 2025 թվականի վերջին Հունգարական WizzAir ավիաընկերությունը հայտարարել էր, որ 2026 թվականի հունիսի 12 - ից մեկնարկում է Երևան-Լոնդոն ուղիղ ավիահաղորդակցություն։ Չվերթները կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ ՝ երկուշաբթի և ուրբաթ օրերին: Տոմսի արժեքը սկսվում է 48,99 դոլարից: