Չորեքշաբթի, 11 Փետրվարի 2026 10:45
Ալեքսանդր Ավանեսով

Հայաստանում ավելի ճկուն կանոններ կսահմանվեն ոչ պետական ներդրումային ֆոնդերի նկատմամբ

Հայաստանում ավելի ճկուն կանոններ կսահմանվեն ոչ պետական ներդրումային ֆոնդերի նկատմամբ

Արմինֆո Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը։

 

Ինչպես հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը,  համաձայն նախորդ նիստում ձեռք բերված պայմանավորվածության, մանրամասն անդրադարձ է կատարվել Հայաստանի ՓՄՁ մրցունակության 2026-2030թթ․ ռազմավարական ծրագրի նախագծի բովանդակությանը, այդ թվում՝ ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ինստիտուցիոնալ միջավայրի ձևավորման խնդրին։ Այս համատեքստում Խորհրդի անդամները մտքեր են փոխանակել ծրագիրը պետություն-մասնավոր համագործակցության ձևաչափով իրականացնելու հնարավորության վերաբերյալ՝ նախատեսվող միջոցառումների արդյունավետությունը և հաշվետվողականությունն ապահովելու նպատակով։

 

Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ոչ հրապարակային ներդրումային ֆոնդերի գործունեությանը վերաբերող օրենսդրական խոչընդոտներին։ Մասնավոր հատվածի կողմից ներկայացված դիտարկումների հաշվառմամբ՝ համաձայնություն է ձեռք բերվել ոչ հրապարակային ներդրումային ֆոնդերի գործունեության տեսանկյունից առավել ճկուն կարգավորումներ սահմանելու առաջարկի վերաբերյալ։