
Արմինֆո. Հայաստանում դատարանների որոշումները չեն ազդի խաղային գործունեության օպերատորի ընտրության մրցութային գործընթացի վրա։ ՀՀ Ազգային ժողովը փետրվարի 13-ի լիագումար նիստում փոփոխություններ է կատարել "Խաղային գործունեության կարգավորման մասին", "Գնումների մասին", "Պետություն - մասնավոր գործընկերության մասին" օրենքներում, ինչպես նաեւ՝Քաղաքացիական դատավարության օրենսգրքում:
Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի խոսքով ՝ ավելի վաղ ՊԵԿ - ը հայտարարել էր խաղատնային գործունեության օպերատորի ընտրության մրցույթ, որը 15 տարվա ընթացքում զբաղվելու է խաղատնային գործունեության շուկայի կարգավորմամբ: Օպերատորին վերապահվելու են թվային ենթակառուցվածքի ստեղծման լիազորությունները, որտեղ ներկայացված են լինելու շահումով խաղերի և խաղատների բոլոր կազմակերպիչները: Օպերատորի խնդիրը կներառի նաև խաղային բիզնեսի բոլոր մասնակիցների, խաղադրույքների և շահումների վերաբերյալ տեղեկատվության ներկայացում: Այդ խնդիրների լուծմանն էլ ուղղված է ներկայացված փոփոխությունների փաթեթը։
Սակայն, ինչպես նշել է Գեւորգյանը, կան մասնակիցներ, որոնք ամեն կերպ փորձում են հակազդել նորամուծություններին ։ Օրինագծերով նախատեսվում է, որ անգամ դատական հայցերի առկայության դեպքում օպերատորի ընտրության գործընթացը չպետք է կանգ առնի ։ Հայցերը կարող են ներկայացվել և քննվել դատարաններում, սակայն դա չպետք է ազդեցություն ունենա օպերատորի ընտրության մրցութային գործընթացի վրա: Մրցույթի առաջին փուլն արդեն կայացել է, և սկսվում է երկրորդ փուլի նախապատրաստումը: Որակավորման առաջին փուլում հայտ են ներկայացրել երեք կազմակերպություններ, որոնցից մեկը պատշաճ մակարդակով չի ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը: Այս փուլում խոսքը ֆինանսական և կազմակերպչական պահանջների մասին է, իսկ երկրորդում արդեն կներկայացվեն տեխնիկական բնույթի պահանջներ: