
Արմինֆո.Հայաստանը մտադիր է Զարգացման ֆրանսիական գործակալությունից (ԶՖԳ) ստանալ 100 մլն եվրո։ ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև չհաստատված վարկային գիծ տրամադրելու մասին թիվ CAM 1029 շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծին, որն ստորագրվել է «Հայաստանի ջրային և գյուղատնտեսության ոլորտների համապարփակ զարգացում»- WAIDA ծրագրի շրջանակում՝ 2025 թվականի դեկտեմբերի 18-19-ին:
Ինչպես ասվում է փաստաթղթի հիմնավորման մեջ, Հայաստանի Հանրապետությունում ջրային և ոռոգման ենթակառուցվածքների զգալի մաշվածությունը, ջրի կորուստների բարձր մակարդակը, ինչպես նաև կլիմայական փոփոխություններով պայմանավորված ռիսկերի աճը լուրջ մարտահրավերներ են ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման և գյուղատնտեսության կայուն զարգացման համար։ Ծրագիրն առաջարկում է համալիր և փուլային լուծում՝ միաժամանակ անդրադառնալով ազգային և տեղական մակարդակներում առկա խնդիրներին՝ միաժամանակ Ծրագրի երկու պիլարներով.
- ազգային մակարդակում իրականացվող ջրային ենթակառուցվածքների ներդրումային բաղադրիչ, որը համաֆինանսավորելու է Համաշխարհային բանկի «Ջրային և ոռոգման ծառայությունների բարելավում» (WISE) ծրագիրը։
-ՀՀ Սյունիքի մարզում՝ տեղական մակարդակում իրականացվող բաղադրիչ՝ ուղղված ոռոգման համակարգերի վերականգնմանը, ջրային ռեսուրսների կառավարման բարելավմանը և կայուն ու ընդգրկուն գյուղատնտեսության զարգացմանը: Հատուկ կարևորություն ունի Սյունիքի մարզում բաղադրիչի իրականացումը, որը հնարավորություն կտա համատեղել ենթակառուցվածքների զարգացումը տեղային տնտեսական և գյուղատնտեսական ներուժի լիարժեք օգտագործման հետ, որի շրջանակներում նախատեսվում է իրականացնել`Սիսիան, Գորիս և Մեղրի համայնքների ոռոգման համակարգերի վերականգնում և արդիականացում փուլային եղանակով` ինքնահոս համակարգեր, պոմպակայաններ, ջրի կրկնակի օգտագործման համակարգեր; խորհրդատվական ծառայություններ (ուսումնասիրություններ, մանրամասն նախագծեր, հսկողություն):
Ծրագիրը հիմնվելու է չորս հիմնական բաղադրիչների վրա՝ տրամաբանական և փոխկապակցված հաջորդականությամբ․ ներդրումներ ջրային ենթակառուցվածքների արդիականացման և վերականգնման ու ոռոգման ոլորտում; ներդրումներ ավելի զարգացած գյուղատնտեսություն ունենալու համար; ներդրումներ ագրոբիզնեսի բնագավառում, ներառյալ` ագրոզբոսաշրջությունը, որի նպատակն է ավելի մեծ արժեք հաղորդել արտադրանքին, որը կայուն գյուղատնտեսության նախապայման է; կանաչ և խելացի գյուղատնտեսության աճի զարգացման համար առաջադեմ ֆինանսական մեխանիզմների մշակում` առանցքային ուշադրություն դարձնելով թվայնացմանը։
ԶՖԳ-ի ֆինանսավորումը կազմված է առավելագույնը 100 միլիոն եվրո բազմատրանշ վարկային գծից՝ երեք տրանշով․ ՀՀ Սյունիքի մարզի ֆինանսավորման վարկը՝ 30 մլն եվրո; ջրային և ոռոգման ծառայությունների բարելավման ծրագրի (WISE) ֆինանսավորման վարկի առաջին մասնաբաժինը՝ առավելագույնը 30 մլն եվրո; ջրային և ոռոգման ծառայությունների բարելավման ծրագրի (WISE) ֆինանսավորման վարկի երկրորդ մասնաբաժինը՝ առավելագույնը 40 մլն եվրո:
WISE ծրագրի համաֆինանսավորողը Համաշխարհային բանկն է: Տեխնիկական աջակցություն տրամադրելու նպատակով ԵՄ կողմից նախատեսվում է նաև 12.456 մլն եվրո դրամաշնորհ:
Համաձայնագրի գործողության ժամկետը՝ ուժի մեջ մտնելու ամսաթվից մինչև Համաձայնագրի ստորագրման ամսաթվի երեք տարին լրանալը: Վարկառուն և Վարկատուն կարող են մինչև Համաձայնագրի գործողության ժամկետի ավարտը ցանկացած պահի դադարեցնել Համաձայնագրի գործողությունը առանց որևէ փոխհատուցման (բացի մնացորդ ունեցող վարկերի նկատմամբ հաշվարկվող փոխհատուցումներից),
Հարկ է նշել, որ Համաձայնագրի շրջանակներում ՀՀ 2026թ. պետական բյուջեով նախատեսված է 193.6 մլն ՀՀ դրամ, որից՝ 161.3 մլն ՀՀ դրամը վարկային միջոցներ, 32.3 մլն դրամը՝ ՀՀ կառավարության համաֆինանսավորման միջոցներ:
Նշենք, որ Զարգացման ֆրանսիական գործակալությունը (ԶՖԳ) հիմնադրվել է 1998 թվականին և հանդիսանում է Ֆրանսիայի Հանրապետության ֆինանսական մեխանիզմի երկկողմ զարգացման օպերատորը: 2025 թվականի դեկտեմբերի 18-ին Զարգացման ֆրանսիական գործակալությունը բացեց իր նոր գրասենյակը «Երևան Պլազա» հյուրանոցում: 2013 թվականից Հայաստանում գործող ԶՖԳ խումբը ֆինանսավորում է ծրագրեր, որոնք նպաստում են կլիմայի փոփոխության դեմ պայքարին և աշխատում են արդար և ներառական անցումների ուղղությամբ: Գործակալությունը աջակցում է բնական ռեսուրսների կայուն կառավարմանը և պահպանմանը, էներգետիկ անցմանը, հանրային ֆինանսների կառավարմանը և քաղաքային ծառայություններին: 2013 թվականից ԶՖԳ-ը Հայաստանին տրամադրել է 555 մլն եվրո վարկ և շուրջ 30 մլն եվրո օգնություն, որից 23,5 մլն-ը տրամադրվել է Եվրոպական միության կողմից: